Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության ընդլայնմամբ, իսկ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նրա պնդմամբ՝ Եվրամիությունը փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում՝ ի վնաս Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի: Գալուզինի խոսքով՝ Մոսկվային մտահոգում է նաև այն, որ առաքելությունը հավակնում է ժամանակավորից դառնալ մշտական։
Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը համոզմունք է հայտնել, որ ԵՄ դիտորդների աշխատանքի որևէ շոշափելի արդյունք չի նկատվում։ «Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ»,- ասել է Գալուզինը:
Նա հերթական անգամ համոզմունք է հայտնել, թե Հարավային Կովկասում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա։