Ինչը վերաբերում Է Հայաստանի սուվերեն տարածքին, գտնվում է Հայաստանի սուվերեն իրավունքի շրջանակներում: Եթե ՀՀ-ն այդտեղ որոշումներ չկայացնի, ապա այդ որոշումները չեն կարող տեղի ունենալ: Ես ասացի, որ քաղաքական կամք կա, դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են նման որոշումներ կայացնելուն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ արձագանքելով հարցին, թե խաղաղության պայմանագրի և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Հայաստանի դերը, կշիռը բավարա՞ր են որոշումներ կայացնելու համար:
«Ինչ վերաբերում է քաղաքական կշռին, ապա, իհարկե, Հայաստանն ունի քաղաքական կշիռ, որովհետև ՀՀ-ն ինքնիշխան և սուվերեն երկիր է, ունի ֆիզիկական սահմաններ, որոնցով պիտի անցնեն այդ ապաշրջափակված տրանսպորտային ուղղությունները: Եթե Հայաստանը չունենա կամք, ապա դա տեղի չի ունենա: Եթե Հայաստանը ունենա կամք, ապա տեղի կունենա: Չեմ կարծում, թե Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք է»,- ասաց նա: