ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին և այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը:
Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է:
ԱԺ փոխխոսնակն արժևորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարևորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին:
«Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաև եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս: Այն ուղղված պետք է լինի այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրներին՝ նշել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում նա հիշատակել է 2024 թվականի ապրիլի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման և փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց և երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձևը:
Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս հարցում հայկական կողմի ջանքերին, խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարներին, ԵՄ դիտորդական առաքելության կարևորությանը, մի շարք ոլորտներում փոխգործակցության խթանմանը և այլ հարցերի: