Հուլիսի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վահե Ղազարյանը։
Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։
Նիստը կազմակերպվել էր Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանը ամփոփ տվյալների տրամադրման կատարումն ապահովելու նպատակով։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովին ներկայացրեց նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ ուղղված աղետի գոտում անձանց կրած բոլոր վնասների մանրամասն գույքագրմանը և գնահատմանը, ինչպես նաև վնասների փոխհատուցման կարգի սահմանմանը։ Արփինե Սարգսյանը համառոտ ներկայացրեց նիստին ընդառաջ Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերի կողմից հանձնաժողով ներկայացված՝ աղետի գոտում վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատների, բնակարանների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կրած այլ վնասների վերաբերյալ իրականացված գնահատման տվյալները։
Այդ տվյալները տեղում հավաքագրվել են ձևավորված համայնքային հանձնաժողովների կողմից և ներկայացվել համապատասխան մարզային հանձնաժողովների քննարկմանը՝ համաձայնեցնելու կազմված ակտերը մարզային հանձնաժողովների հետ՝ հանրապետական հանձնաժողովի ամփոփմանը ներկայացնելուց առաջ։
Հանձնաժողովի անդամներն ամփոփել և քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ հաստատել են ներկայացված տվյալները։ Առաջիկայում հանրապետական հանձնաժողովը նաև սահմանված կարգով կհրապարակի վերջնական տեղեկատվությունը։
Նիստի ընթացքում ՆԳ նախարարը հանձնարարական է տվել աջակցել տեղերում դիմումների ընդունման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպմանը, փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել դիմումների ընդունման գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք մանրամասներ և հայտնել, որ ՆԳ նախարարության անձնակազմի ներկայացուցիչները տեղում կաջակցեն քաղաքացիներին դիմումների ներկայացման գործում։
Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։