Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության, համատեղ իրականացված ծրագրերի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ներգրավմամբ իրականացված աշխատանքի համար։
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը հայ-չինական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներին աջակցելու գործում։ Ձեր մասնակցությամբ արդեն իսկ ստեղծվել է համագործակցության ամուր հիմք, որը թույլ կտա ընդլայնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքները»,- նշել է նախարարը։
Դեսպան Յոնը ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ իր համար ևս դժվար է հրաժեշտ տալ Հայաստանին։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև փոխադարձ այցերի ընթացքի մասին, ապա ամփոփել համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները։
Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆան Յոնին հանձնել է հուշադրամ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ցուցաբերած արդյունավետ համագործակցության համար։