Հուլիսի 11-ին «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա ծրագրի շրջանակում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչներ Համազասպ Դանիելյանի և Մարկո Հունցիկերի, Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) ներկայացուցիչներ Մարկո Փութցի և Դոմինիկ Բրաունշվայգերի, Zoï բնապահպանական ցանցի տնօրենի տեղակալ Նիկոլայ Դենիսովի և Planval կազմակերպության ներկայացուցիչներ Սեբաստիան Բելվալդի և Թոմաս Պրոբսթի հետ։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց FORACCA ծրագրում ՊՈԱԿ-ի` որպես առաջնային շահառուի մասնակցության ու դերի կարևորությունը` շեշտադրելով կլիմայական կանխատեսումների, մոդելների, կլիմայի փոփոխության սցենարների մշակման, ինչպես նաև անտառների մոնիթորինգի գործընթացների հետ կապված ծրագրի իրականացման ուղղությունները։
WSL-ի և SDC-ի ներկայացուցիչները ամփոփ նկարագրեցին FORACCA ծրագրի առաջադրված խնդիրների հետ կապված իրենց հետազոտական փորձը, գիտատեխնիկական կարողությունները և դրանց զարգացման միտումները։
Ի պատասխան «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ոլորտային մասնագետների կողմից բաձրացված՝ գլոբալ կլիմայական մոդելների և դրանց տեղայնացման հետ կապված խնդիրներին և հարցերին՝ FORACCA ծրագրի ներկայացուցիչները առաջարկեցին հիմնվել Շվեյցարիայի անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների հավաքական փորձի վրա, որը կնպաստի համապատասխան կլիմայական սցենարների մշակմանը և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը: Սա որոշ չափով կօժանդակի ՀՀ տարածքում համայնքային և բնակավայրային մակարդակներում բարձր լուծաչափերով կլիմայական մոդելների ներդրման պահանջի բավարարմանը։ Հատկանշական է նաև, որ կլիմայական սցենարների մշակումը հնարավորություն կտա գնահատել Հայաստանի բնական էկոհամակարգերի և տնտեսության տարբեր ոլորտների խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ։
Լևոն Ազիզյանը հավելեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվող այնպիսի հիմնասյունային գործընթացներ, ինչպիսիք են կլիմայական սցենարների մոդելավորումը, դրանց ազգային և համայնքային մակարդակով վերամասշտաբավորումը, ցուցիչային տվյալների վրա հիմնված գլոբալ քարտեզների տեղայնացումը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը միտված այլ գործընթացներ մեծ ավանդ կունենան նաև Հինգերորդ ազգային հաղորդագրության պատրաստման գործընթացում, որի իրականացման հանձնառությունը շնորհվել է հենց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին։
Հանդիպման ավարտին մասնակիցները համաձայնեցին առաջնահերթ քայլերի շուրջ՝ շեշտադրելով համագործակցության գործընկերների շրջանակի ընդլայնման կարևորությունը՝ ի դեմս, SwissMeteo և Planval կազմակերպությունների և Zoï բնապահպանական ցանցի ներգրավվածության, որն արդեն իսկ խորհրդանշում է ծրագրի բարեհաջող առաջընթացի մասին: