Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Պակիստանում է: Նրան ընդունել է այդ երկրի վարչապետը: Հանդիպումից հետո Իլհամ Ալիևը և Մուհամմադ Շահբազ Շարիֆը հանդես են եկել հայտարարություններով, նշել՝ քննարկվել են մի շարք նախագծեր էներգետիկ, ենթակառուցվածքների, կապի, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն և Իսլամաբադն աջակցում են միմյանց բոլոր հարցերում, այդ թվում՝ Ջամմու և Քաշմիրի հարցում, և գործակցում են բոլոր միջազգային կազմակերպություններում։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանի ղեկավարությանը 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքական աջակցության համար և ընդգծել է, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ «2020 թվականի նոյեմբերի տոնակատարությունների ժամանակ մեր ժողովուրդը ձեռքում պահել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի դրոշները»,- շեշտել է Ալիևը։
Մուհամմադ Շարիֆն Ալիևի հետ հանդիպումը «արդյունավետ» է որակել։ Նա նշել է, որ պայմանավորվել են ընդլայնել երկկողմ առևտրի ծավալը, որը «100 միլիոն դոլարից պակաս է և չի արտացոլում երկու երկրի բարեկամության և եղբայրության ուժը»։
Միջազգային այլ լուրերը՝ տեսաշարում: