Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, թե իբր առաքելությանը Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցումը Հարավային Կովկաս:
«Բացասական ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս ասվել է»,- նշել է դիվանագետը։
Գալուզինը կարծիք է հայտնել, թե առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև կարող է ժամանակավորից դառնալ մշտական, ինչը, ըստ նրա, դեմ է տարածաշրջանի պետությունների շահերին։
Գալուզինն անդրադարձել է նաև Երևան-Մինսկ հարաբերություններին, նշել, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանի և Բելառուսի միջև բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի:
«Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա»,- հավելել է Գալուզինը։
«Մենք երկու մայրաքաղաքներին էլ կոչ ենք անում նայել հորիզոնից այն կողմ, գիտակցել պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ մենք կցանկանայինք տեսնել ոչ միայն Մինսկին, այլև Երևանին»,- եզրափակել է Գալուզինը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։