Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելուն ուղղված հարցեր են քննարկվել ոլորտային խնդիրներով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում: Օրակարգը հագեցած էր, իրականացվող ու դիտարկվող ծրագրերը՝ համակարգային լուծումներով:
«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով և մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր` Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հանդիպման շրջանակում ներկայացվել են 2023թ. իրականացված ու 2024թ. ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են Երևանն առավել հարմարավետ դարձնելուն:
Հասարակական տրանսպորտի բարեփոխումների նախագծով արդիականացվող ավտոբուսային պարկն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, երևանյան գետնանցումներում շարունակվում է հատուկ վերելակների տեղադրման գործընթացը, այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 450 թեքահարթակ, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում սահմանվել են հստակ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: Նախաձեռնություններն առանձնանում են նաև մշակութային, կրթական, մարզական ու սոցիալական ոլորտներում:
Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք փուլ առ փուլ կյանքի կոչելու հարցում նրանք ևս կդառնան քաղաքի գործընկերն ու աջակիցը: