Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։
Հանդիպում-քննարկմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։
Մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, առաջարկներն ու խոստացել աջակցել առաջացած խնդիրների լուծման գործում։
Մարզի ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ վստահեցնելով, որ պատկան մարմինները աշխատում են արտակարգ ռեժիմով՝ առկա փաստաթղթային և այլ տեխնիկական հարցերը հնարավորինս արագ կարգավորելու համար։
Սեդրակ Թևոնյանը նշել է նաև, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական, արցախցիները կարող են իր և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ պարբերաբար քննարկել իրենց հուզող հարցերն ու ստանալ պարզաբանում և աջակցություն։