Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել:
Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998թ.։ 2001թ.-ին էլ կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։ Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնդրյու Թըրները նշել է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն արդեն իսկ կարևոր քայլ է երկու երկրների ու քաղաքների համար: