ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲ․Ա․Ց Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Կենտրոնը գործելու է «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո և ֆինանսավորվելու է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի կողմից՝ Ապարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:
Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ կարևորելով այն՝ որպես համայնքային կյանքի աշխուժացման ազդակ. «Յուրաքանչյուր համայնքում կրթության, մշակույթի, զբաղվածության հնարավորության ընձեռումը շատ կարևոր փոփոխություն է համայնքի կյանքում: Եթե նախկինում ֆորմալ կրթության միջոցով մարդիկ ստանում էին մասնագիտական կրթություն տարբեր կրթական մակարդակներում, ապա այսօր գիտությունն ու տեխնիկան այնքան արագ են զարգանում, որ անգամ ամենաառաջատար ուսումնական հաստատությունում մասնագիտություն ստանալով՝ մենք ստիպված ենք ամեն օր զբաղվել ինքնակրթությամբ ու զարգացմամբ, հետևել մեր գործունեության շրջանակում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին, օգտվել բոլոր այն հարթակներից, որոնք առաջ գնալու հնարավորություն են տալիս»:
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մեծահասակների կրթությունն այսօր ամենակարևոր ուղղություններից մեկն է, և նրանց հմտությունների, նոր կարողությունների կատարելագործումը շատ լայն դաշտ կարող է բացել նաև զբաղվածության ապահովման առումով՝ հաղթահարելով առկա մարտահրավերները: ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունն արտացոլված է նաև պետական քաղաքականության մեջ. «Կրթության ռազմավարությունում առանձին հատված հատկացված է ոչ ֆորմալ կրթության ընթացակարգերի կարգավորմանը, որոնք հնարավորություն են տալու մեծահասակների կրթությունն ավելի կանոնարկված իրականացնել»: Նա գործընթացում կարևորել է միջազգային կառույցների և համայնքի ակտիվ դերակատարումը՝ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել ոչ ֆորմալ կրթության շտեմարան՝ որպես մասնագիտական կարողությունները կատարելագործելու հարթակ:
Նշենք, որ սա մեծահասակների ուսումնառության և կրթության՝ Հայաստանում բացվող 5-րդ կենտրոնն է. նման կենտրոններ գործում են Գյումրիում, Սիսիանում, Դիլիջանում և Մարտունիում: