Կրեմլից արձագանքել են տեղեկություններին, որ Մոսկվան կարող է մասնակցել Ուկրաինայում խաղաղության հաջորդ գագաթնաժողովին, որը, հնարավոր է, անցկացվի Սաուդյան Արաբիայում:
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է՝ ներկայումս Մոսկվայի և Կիևի մասնակցությամբ հնարավոր գագաթնաժողովը որևէ առարկայական բովանդակություն չունի, ուստի դրա անցկացման վայրի մասին քննարկումները երկրորդական են։ Դմիտրի Պեսկովը հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը և անձամբ Վլադիմիր Պուտինը միշտ բաց են երկխոսության համար, սակայն նախ հարկավոր է հասկանալ՝ ինչի մասին են լինելու հնարավոր քննարկումները:
ՌԴ փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ Մոսկվան չի մասնակցի «խաղաղության հաջորդ գագաթնաժողովին», քանի որ, Միխայիլ Գալուզինի խոսքով, այդ միջոցառմանը քննարկվելու է միայն Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», որը Կրեմլի համար անընդունելի է։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնել էր, որ Շվեյցարիայում կայացած խաղաղության առաջին գագաթնաժողովից հետո նախատեսվում է երկրորդ հանդիպումն անցկացնել: Ըստ Իգոր Ժովկվայի՝ Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել դրան, եթե Կրեմլը վերջնագրեր չներկայացնի Կիևին։