ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձևաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին։
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձևավորումը, այդ թվում նաև՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել առկա գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, առաջիկա ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով պայմանագրի տեքստի վերջնականացման ու ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված ամուր քաղաքական կամքը։
Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։