ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կարևորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար:
Դեսպան Ֆան Յոնն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ փոխգործակցության և համագործակցության համար ու վստահեցրել, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, և դրանց զարգացումը շատ կարևոր է Չինաստանի համար:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային խնդիրներին և հայ-չինական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: