ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ինտենսիվության ու արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Գնահատելով երկու երկրների կառավարությունների համագործակցությունը` նա ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի և մշտական հանձնաժողովների փոխգործակցության անհրաժեշտությունը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ երկկողմ խորհրդարանական հարաբերություններում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ:
Խրիստոս Սոֆիանոպուլոսը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ևս ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, անվտանգության մարտահրավերների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: