Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի նպատակը Զինհիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն է վերաբերում:
«Նախագծով նախատեսում ենք, որ շահառուները, որոնք երբևէ կդառնան կամ դարձել են Զինհիմնադրամի շահառու հենց առաջին իսկ նշանակված խմբով, կշարունակեն ստանալ հենց այդ խմբի համար նախատեսված գումարը՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում խմբի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ օրենքն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում կկատարվի վերահաշվարկ, և այն անձինք, որոնք ունեցել են հաշմանդամության խմբի փոփոխություն, հետադարձ հաշվարկով՝ այդ խմբի փոփոխության օրվանից սկսած՝ նշանակված խմբին համապատասխան հատուցման չափը կվերահաշվարկվի և կտրամադրվի:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և սահմանել, որ հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակում է վճարել նախկին չափով` մինչև 20-ամյա ժամկետը լրանալը:
Հստակեցվում է, որ հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաև հիմնադրամի նախկին շահառուների համար:
Նախագիծն ընդունվելու դեպքում 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող և Հիմնադրամի կողմից դրամական աջակցություն ստացող զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը:
Բացի դրանից՝ պաշտպանության նախարարության առաջարկով օրենքից հանվում է հատուցման հիմք հանդիսացող՝ մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի զոհվելու՝ հինգ տարվա ժամկետային սահմանափակումը:
Նախագիծը մշակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի մասնագետների աջակցությամբ: