Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ԱԺ-ի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
«ԼՂ ԱԱԾ-ի բազմաթիվ աշախատակիցներ ցանկություն են հայտնել աշխատանքի անցնելու ՀՀ ԱԱԾ մարմիններում` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում: Ընդ որում՝ նրանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ և ունեցել է սպայական բարձր կոչումներ: Հետևաբար, վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը դեռևս բավարար չի լինի ՀՀ ԱԱԾ մամիններում իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանող պաշտոնների նշանակելու համար»,- ասաց տնօրենի տեղակալը:
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է լրացում կատարել օրենքի համապատասխան հոդվածում. «Սահմանել, որ ՀՀ ԱԱԾ-ում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք՝ միաժամանակ հաշվի առնելով ԼՂ-ում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը»:
Կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ, կատարման ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նկատեց՝ վերջին իրադարձություններով պայմանավորված՝ ԼՂ ԱԱԾ մարմիններն էլ թերացել են իրենց աշխատանքում, և այս համատեքստում հարցրեց՝ արդյոք ՀՀ ԱԱԾ-ն տիրապետե՞լ է ԼՂ ԱԱԾ-ում ծառայություն անցածների գործունեությանը:
«Այս լրացումը չի հանգեցնելու նշված կատեգորիայի անձանց՝ մեխանիկորեն նշանակմանը ՀՀ ԱԱԾ մարմիններում: Ընդամենը օրենքի լրացմամբ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի նշված կատեգորիայի անձինք հնարավորություն ունենան աշխատանքի անցնելու, սակայն դիմումից հետո նույն ստուգման պրոցեսը, ոնց սովորական ՀՀ այլ քաղաքացին կանցնի, նույն ձևով ստուգվելու է, իսկ որոշումները կայացվելու են կոնկրետ դեպքերով պայմանավորված: Այսինքն՝ մեխանիկորեն տեղափոխման կամ նշանակման չի հանգեցնելու»,- ասաց նա:
Առաջին ընթերցմամբ նախագիծն առաջակվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով: