Ազգային ժողովի արտահերթ նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը «Գեոդեզիական քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է ներկայացրել, որը վերածվել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուրջ բանավեճի: Ընդդիմությունն իշխանությանը մեղադրել է տարածքներ զիջելու համար, հակադարձել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Պարոն Թովմասյան, դուք սխալվում եք, ձեր կառավարությունը թուրքին տարածք է տվել, որովհետև քաղաքացին թե՛ Կիրանցում, թե Շուռնուխում ունեցել է սեփականության վկայական, որտեղ ասվում է, այն հողը, որի վրա դու տուն ես կառուցել, քոնն է, ՀՀ-ինն է: Հիմա դուք ասում եք՝ էդ քարտեզը սխալ է: Կա կադաստրային քարտեզների ուղղման կարգ, ուղղեիք, նոր թուղթ տայիք, դա չեք արել: Ասում եմ՝ սխալի արդյունքում ինչքա՞ն տարածք եք տվել թուրքին, ասում եք՝ չգիտեմ, բա ո՞վ գիտի: Տարրական մաթեմատիկան ասում է, որ պատահական սխալները միջինացվում, զրո են դառնում:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դառած խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, և դուք այն, ինչ ասում եք, քաղաքական հարց է։ 1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է`ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել տալ, չի քննարկվել ու չի կարող քննարկվել: Ձեր նշված տարածքում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց կա, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է և համաձայնություն է եկել կառավարություն: