«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև Գույքի գրանցման մասին օրենքով սահմանվում են գեոդեզիական, քարտեզագրական, հողաշինարարության հաշվառման, որակավորում ունեցող անձանց որակավորում տալու կարգը և համապատասխանաբար որակավորման վկայականեր ստանալու ընթացակարգերը: Ըստ էության, Քաղաքաշինության կոմիտեի հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում կարիք առաջացավ փոփոխություններ կատարել և առանձնացնել ինչպես գեոդեզիական և մարկշեյդերական աշխատանքները, այնպես էլ հողաշինարարական, քարտեզագրական և կադաստրային գործունեության իրականացման համար տրվող որակավորման վկայականների բովանդակությունը: Այս մասին նախագիծը ներկայացնելիս հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Իրավական որոշակիություն ապահովելու նպատակով ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է՝ «ինժեներական գեոդեզիա» հասկացության սահմանումը՝ քաղաքաշինական ոլորտում գեոդեզիական ծառայություններ մատուցող որակավորված անձանց այլ տեսակի գեոդեզիական գործունեություն իրականացնող որակավորված անձանցից տարանջատելու նպատակով, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելով սահմանել, որ Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլի իրավունք ունի իրականացնելու ծառայություններ բացառապես ինժեներական գեոդեզիայի ոլորտում:
Ոլորտների զարգացումն ապահովելու նպատակով նախատեսվում է տարանջատել գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնողներին քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման, հաշվառման գործունեություն իրականացնող անձանցից՝ ներդնելով որակավորման տարբեր չափանիշներ և տրամադրելով որակավորման առանձին վկայականներ:
Նախագծով նախատեսվում է գեոդեզիական գործունեության տարատեսակ համարվող նոր՝ մարկշեյդերական գործունեությամբ զբաղվելու իրավունքի տրամադրում՝ որակավորման միջոցով: Այսինքն՝ այն անձինք, որոնք մինչև նախագծի ընդունումը ստացել են որակավորման վկայականներ, ի սկզբանե չեն ունեցել այդ հմտությունները (ինժեներական ենթակառուցվածքի, մասսայական տարածքների հանութագրում) հավաստող որակավորման վկայական և ներկայումս համապատասխան գործունեություն իրականացնելու համար մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար սահմանվում են նոր չափանիշներ՝ անհրաժեշտ գիտելիքների ստուգում իրականացնելու նպատակով:
Լիազոր մարմնի կողմից հաշվառման միջոցով նախատեսվում է սկիզբ դնել մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպության ինստիտուտին, որը կնպաստի ոչ միայն գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական և հողաշինարարական ոլորտների կայացմանը և ընդլայնմանը, այլև կապահովի ոլորտների միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և փորձի փոխանակում, որակավորված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն, վերջիններիս մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորություն:
Սահմանազատվում են գեոդեզիական և մարկշեյդերական գործունեությունը և քարտեզագրության, չափագրման, հաշվառման և հողաշինարարության ոլորտներում իրականացվող գործունեությունը՝ նպատակով ունենալով նաև տարանջատել դրանց որակավորման ընթացակարգերը և տարբեր պահանջներ սահմանել որակավորման գործընթացների համար: