Կառավարությունը Ազգային ժողով առաջին ընթերցման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթ, որում ներառված նախագծերից մեկով նախատեսվում են հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները: ԱԺ հուլիսի 11-ի արտահերթ նիստին այդ մասին օրենսդրական փաթեթ ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նշենք, որ գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը, կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման: Նախագծով Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս:
Գործող օրենքով զինծառայողն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Սակայն օրենքի վերոնշյալ դրույթը չի տարածվում «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչված զինծառայողների վրա: Ուստի օրենսդրական փաթեթով առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է դրույթը կիրառել նաև «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչված զինծառայողների վրա:
Փաթեթով կհստակեցվի նաև չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող, բայց դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած զինծառայողների հատուցումը հաշվարկելու կարգը: