Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց բուժական քրեակատարողական հիմնարկ:
Նրա խոսքով՝ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները պահվելու են միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված խցային պայմաններում:
Նախատեսվում է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են ինչպես հիվանդանոցային բուժման և խնամքի կարիք ունեցող, այնպես էլ վարակիչ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող դատապարտյալները:
Մասնավորապես՝ բուժական քրեակատարողական հիմնարկում իրականացվելու են որոշակի վիրահատական միջամտություններ, տուբերկուլոզի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ հիվանդությունների, անձի խանգարումների, օրգանական հոգեկան սինդրոմների և այլ հիանդությունների ստացիոնար բուժում և խնամք:
Քրեակատարողական ծառայությունը ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու է Քրեակատարողական ծառայությունից անկախ գործող մասնագիտացված կազմակերպությունը:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, թեմային անդրադառնալով, Բալյանին հարց ուղղեց նաև վերջին շրջանում դատապարտյալներից ստացվող բողոքների վերաբերյալ, որոնք վերաբերում են խմելու ջրի խնդրին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի խոսքով՝ խնդիրն արձանագրվել է Արմավիր ՔԿՀ-ում:
«Մինչև ընթացիկ ամսվա ավարտը մենք ամբողջությամբ կարող ենք արձանագրել, որ խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է, այսինքն՝ այն տրամաբանությամբ, որ 24-ժամյա ջրամատակարարում կլինի. «Երևան ջուր»-ի հետ աշխատում ենք»,- պարզաբանեց Բալյանը:
Ինչ վերաբերում է հանձնուքի հետ ջրի քաշի հաշվարկմանը, տեղեկացրեց՝ հանձնուքի մասին մշակվում է նախագիծ, որը շուտով կներկայացվի, որտեղ էլ որոշակի կարգավորումներ ու փոփոխություններ կլինեն:
Բագրատյանի հարցին՝ կա՞ն արդյոք աշխատանքներ քրեակատարողական հիմնարկներում եղանակային շոգ պայմանների հետևանքով դատապարտյալների կենսապայմանները գոնե փոքր-ինչ թեթևացնելու նպատակով, արդարադատության փոխնախարարը պարզաբանեց՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ներկայումս ամբողջությամբ միացված է ջեռուցման և հովացման համակարգը, այնտեղ այդ հարցը լուծված է:
«Ներկայումս, այո, ունենք մեր օրակարգում որոշակի նախաձեռնություններ, սակայն ֆինանսական խնդիր կա»,- ասաց Բալյանը՝ նշելով, որ հընթացս կզեկուցվի կատարած աշխատանքների մասին: