ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծին:
«Կառավարության ծրագրի կարևորագույն անելիք են հանրակրթության բարեփոխումները և հանրակրթության բովանդակային բարեփոխման և նոր պետական չափորոշչի ներդրման գործընթացում առանցքային հայեցակարգային փոփոխությունը, որն իրականացվել է. դա այն է, որ միայն գիտելիքի վրա հիմնված մոտեցումից անցում ենք կատարել դեպի կարողունակությունների ձևավորմանը միտված կրթություն, որտեղ կարևոր է թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված են 8 առանցքային կարողունակություններ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունն է: «Դրա համաձայն՝ սովորողները պետք է նպաստեն ժողովրդավարության, ազատության բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը: Նրանք ճանաչողության միջոցով պետք է ձևավորեն սեր հայրենիքի հնդեպ, գիտակցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային-պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում պետք է արժևորեն մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորեն սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը, որպես ժողովրդավարության կենսունակության հիմք՝ պետք է ճանաչեն հասրակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտները, համակողմանի վերլուծեն դրանք, ցուցաբերեն նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն: Որպեսզի դպրոցն իրականացնի այս խնդիրները, առանցքային է պատմության ուսուցանումը: Չափորոշչով սահմանված է հայրենագիտության և հասարակության ու հասարակական գիտությունների բնագավառը, որի շրջանակներում պետք է ներկայացվեն Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Չափորոշչի մեկ այլ կետով որպես պարտադիր առարկա ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան. սա այս պահին մեզ խնդրահարույց է թվում, որովհետև «Հայք» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր, բայց իրավական պետության պատմության ներկայացման դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը, ուստի նախագծով առաջարկում ենք պատմության ուսուցանումն իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո»,- ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ պատմության ուսուցումն առաջին հերթին պետք է միտված լինի ժամանակակից Հայաստանին Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը:
«Այդ իմաստով մենք կկարողանանք նաև սովորողների համար շատ ավելի տեսանելի և համակարգային ներկայացնել պատմությունը՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը: Դրա հիմքով արդեն սովորողը պարզեցված տարբերակով կտեսնի ամբողջ պատմության և պետության կապը՝ այս կերպ պետությունն ընկալելով պատմանկան դրվագների և գործընթացների արդյունք: Սա այդ կապը դարձնում է ավելի տեսանելի և ապահովում է նաև առանցքային կարողունակության ձևավորումը:
Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը:
Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, և պետք է ասեմ, որ սրանով ոչ թե խոսքը առարկայի բովանդակության փոփոխության, այլ բովանդակության ներկայացման փոփոխության մասին է, որտեղ շեշտադրվելու են պետականաության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները և իրադարձությունները: Նորովի վերագնահատվելու են պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել նաև պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելու հնարավոր մարտահրավերների նկատմամբ շատ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, որը պետք է ամրապնդել:
Պետք է հատուկ նշեմ, որ սա նաև նորովի իմաստավորում է տալիս Սփյուռքի և դրա գաղթօջախների պատմությանը՝ դրանք փոխկապակցելով ազգային պետություն ձևավորելու և այդ պետությունը զարգացնելու նպատակին: Այն նաև պատմության ուսուցանումը դարձնում է ավելի ներառական, քանի որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների պատմությունը, որոնք Հայաստանը դիտում են իբրև իրենց հայրենիք և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
«Ինչո՞ւ ենք այս որոշումը մենք ընդունում: Որովհետև մենք մեր ռազմավարության հիմքում և մեր քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, և պիտի ընդհանուր առմամբ արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է, և պիտի մենք ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պիտի մեր հանրային կյանքի կենտրոնում դնենք պետությունը: Իմ գնահատմամբ՝ մենք մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում են բոլորովին այլ կերպ: Սա չափազանց կարևոր պրոցես է, և այստեղ հարցը միայն անունների փոփոխությունը չէ:
Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով: Սա շատ կարևոր և հայեցակարգային տրամաբանություն է: Եվ այն, որ մեզ համար առանցքային է պետության հարատևությունն ապահովելու ռազմավարությունը, նախ դա պետք է տեղի ունենա սոցիալ-հոգեբանական պայմաններում: Թույլ տվեք ասել, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում այսօր ՀՀ-ում: Վերջին շրջանի իրադարձությունները տարբեր կողմերից հենց դա են ցույց տալիս: Ամենապարզ օրինակը բերեմ. օրինակ՝ ինձ համար գուցե անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին հենց դրա ամենավառ ապացույցն է, և դա պետության և չպետության տարբերությունը արտահայտող պատկերներ են, և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքը նույնպես այս ամպլիտուդի մեջ է: Պետության և չպետության միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը երկար ժամանակ կանխորոշել է մեր իրականությունը, մեր մտածողությունը:
Մենք այս քայլերը պետք է անենք, և այս քայլերի մյուս համատեքստը հետևյալն է. մենք էմոցիաների ժողովրդից պետք է ապահովենք մեր տրանսֆորմացիան դեպի պետական ժողովուրդ, պետության ժողովուրդ»,- ասաց վարչապետը: