Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծով առաջարկվում է օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասում ավելացնել դրույթ, որի արդյունքում Կառավարությունը կարող է հավանության արժանացնել ոլորտային ներդրումային ծրագրերի:
Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ գործնականում Կառավարության կողմից հավանության են արժանանում տարբեր ներդրումային ծրագրեր, որոնց ընդունման ժամանակ լիազորող նորմի հետ կապված՝ հաճախ առաջանում են իրավական որոշակիության խնդիրներ, ինչը պայմանավորված է ներդրումային ծրագրերին հավանություն տալու Կառավարության լիազորող նորմի անհստակությամբ:
Նախագծի ընդունման հրատապությունը Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ ներկայումս առկա են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք Կառավարության կողմից դեռևս չեն կարողանում հավանության արժանանալ լիազորող նորմի հետ կապված խնդիրների պատճառով:
«Նախատեսվող բոլոր ներդրումային ծրագրերին Կառավարությունը կարող է հավանություն տալ միմիայն համապատասխան լիազորող նորմը հստակեցնելուց հետո: Նաև դա է պատճառը, որ նախագիծը հրատապ կարգով ներառվել է այս նիստի օրակարգում: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ ներդրումային ծրագրերը հավանության արժանացնելու նպատակով»,- պարզաբանեց Պապոյանը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենքում ամրագրել նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի իմաստով «Ներդրումային ծրագրեր» հասկացությունը:
Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված, պետական օժանդակության կարիք ունեցող և նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը:
Նախարարը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: