Առաջարկվում է 2 մլրդ 228 մլն դրամ հատկացնել 8 մարզի 20 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորելու համար: Ծրագրերից մեկը 2021 թվականի է, 7-ը՝ 2022, 18-ը՝ 2023 թվականի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 11-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է Արագածոտնի մարզին հատկացնել 292 մլն դրամ, Արարատի մարզին՝ 529 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 373 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 57 մլն, Լոռու մարզին՝ 488 մլն, Կոտայքի մարզին՝ 187 մլն, Շիրակի մարզին՝ 246 մլն, Տավուշի մարզին՝ 54 մլն դրամ:
«Այս որոշումն ընդունելուց հետո արդեն Կառավարությունը մի շարք որոշումներով 12 մլրդ 306 մլն դրամ հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»,- ասաց Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում: Դրանց թվում են ոռոգման ու խմելու ջրամատակարարման ցանցերի անցկացման աշխատանքները, կոյուղու հիմնանորոգման, լուսավորության անցկացման, գազիֆիկացման, համայնքային ճանապարհների ասֆալտապատման, բակերի հիմնանորոգման և այլ աշխատանքներ:
Փաշինյանը նկատեց՝ մարզային այցելությունների ժամանակ կրկնվող խնդիրներ են հայտնաբերվել, ամենամեծն այն է, որ շահագործվող օբյեկտի հետագա սպասարկման հարցը չի լուծվել:
«Մարզերից մեկում բարեգործական ծրագրով մանկապարտեզ էր բացվել, համացանցում լայնորեն տարածված էր այդ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը և այլն: Երկու ամիս հետո պարզեցինք, որ մանկապարտեզը փակվել է, չի աշխատում: Ի՞նչն էր պատճառը: Պարզվեց, որ պարզ չէ, թե ով է աշխատավարձ տալու մանկապարտեզի աշխատողներին, ով է կոմունալ վարձերը վճարելու և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ հետագայում այդ շահագործվող օբյեկտի սպասարկման խնդիրը ճշգրտվել է ծրագրում, նշվել է, որ համայնքի բյուջեում այդ ծախսերը պետք է արտահայտված լինեն: