Գազա քաղաքից բնակիչներին տարհանելուց հետո Իսրայելը նոր ցամաքային հարձակում է սկսել՝ հետապնդելով ՀԱՄԱՍ-ի զինյալներին, որոնք, ըստ ՑԱՀԱԼ-ի, վերախմբավորվում են այդ տարածքում:
Առնվազն 29 պաղեստինցի է զոհվել Գազայի հարավում գտնվող դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով, որը տեղահանվածների ապաստան էր դարձել։ Զոհվածների թվում եղել են 7 կին և երեխա, զոհերի թիվը, ըստ Euronews-ի, ամենայն հավանականությամբ, կաճի։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախը եղել է «ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ահաբեկիչը», որը, ըստ նրանց, մասնակցել է հոկտեմբերի 7-ի հարձակմանը:
Դպրոցներից բացի, ՑԱՀԱԼ-ի հարձակման են ենթարկվում նաև հիվանդանոցները: Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցներն օգտագործում է ռազմական նպատակներով: ՄԱԿ-ի հումանիտար գրասենյակի տվյալներով՝ Գազայի 36 հիվանդանոցից միայն 13-ն են գործում, այն էլ՝ մասնակի։