Բեռլինը վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով հանրապետության ղեկավարության հակաարևմտյան կուրսը և Եվրամիության սկզբունքներին հակասող որոշումները: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը: Նրա խոսքով՝ Գերմանիան որոշել է Վրաստանի նկատմամբ ֆինանսական նոր պարտավորություններ չստանձնել, ԱՄՆ-ի օրինակին հետևելով՝ դադարեցնել իր զինվորականների մասնակցությունը Noble Partner համատեղ զորավարժություններին: Դեսպանը նաև կոչ է արել Թբիլիսիին շարունակել եվրաինտեգրման ճանապարհը, այլապես այդ պատուհանը կարող է փակվել:
Երեկ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ հանրապետությունում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին Եվրամիությունը սառեցնում է Թբիլիսիին 30 մլն եվրոյի տրամադրումը, որը նախատեսված էր երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար: Նա նաև հիշեցրել է, որ դադարեցված է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
Որոշակի լարվածություն է նկատվում նաև Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերություններում: Ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել, որ Վրաստանի իշխող կուսակցության հռետորաբանությունը վտանգում է երկրի եվրատլանտյան ինտեգրումը: Պետքարտուղարությունն էլ հայտարարել է Կառավարության որոշ ներկայացուցիչների նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառելու մասին: