Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմաբազաները բարձր պատրաստության վիճակի են բերվել այն տեղեկատվության պատճառով, որ «Ռուսաստանի հետ կապված սուբյեկտները» կարող են դիվերսիա իրականացնել ԱՄՆ ռազմական զորակազմի դեմ։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում տվյալներ է ստացել, որոնք վկայում են, որ Ռուսաստանը «ամերիկյան բազաներն ու զինվորական անձնակազմը դիտարկում է որպես վստահված անձանց միջոցով հարձակումներ իրականացնելու տարբերակներ»: Աղբյուրները նշել են, որ տեղեկությունը «բավական մտահոգիչ» է համարվել անվտանգության լրացուցիչ միջոցներ կիրառելու համար:
Նշվում է, որ հայտարարվել է վտանգի ամենաբարձր աստիճանը՝ «Չառլին», առաջին անգամ վերջին 10 տարում: Այն օգտագործվում է «երբ միջադեպ է տեղի ունենում, կամ կա հետախուզական տեղեկատվություն ռազմական օբյեկտի և անձնակազմի վրա հավանական հարձակման կամ ահաբեկչության մասին»: