Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-17-ը կայցելի Թբիլիսի և Երևան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման ու կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ինչպես նաև մարգինալացված ու խոցելի խմբերի ներգրավման հարցերը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Վրաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և խորհրդարանի ներկայացուցիչների հետ, որպեսզի ընդգծի ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի և մյուս ոչ լիբերալ օրենսդրական ակտերի, ինչպես նաև Վրաստանի կառավարության վնասակար հռետորաբանության վերաբերյալ, որը վտանգում է Վրաստանի եվրատլանտյան կուրսը: Նա պարզ կներկայացնի, որ կառավարության ոչ ժողովրդավարական պահվածքը և Միացյալ Նահանգների մասին ապատեղեկատվությունը վնասել են երկու երկրի երկարամյա հարաբերությունները: Պետքարտուղարի տեղակալը նաև կընդգծի անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան հանդիպումներ կունենա պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ու դատական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների խթանման հարցերով: «Նա կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին: Պետքարտուղարի տեղակալը նաև կներգրավի ՄԱԿ-ին և Հայաստանում գործող այլ միջազգային կազմակերպություններին՝ աջակցելու խոցելի ու մարգինալացված խմբերի ներկայացուցիչներին: Բացի այդ, պետքարտուղարի տեղակալը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և աջակցելու մշակույթի պահպանմանը»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը: