ԱՄՆ-ն միջազգային համայնքի բազմաթիվ սուբյեկտների պես կոչ է անում, որ այս անձանց և այս ընտանիքների իրավունքներն ապահովվեն, որպեսզի նրանք կարողանան հոժարակամ և ապահով վերադառնալ իրենց տները: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցին:
Նա հիշեց իր և ՀՀ վարչապետի հանդիպումը Բրյուսելում, երբ Փաշինյանը կարևորել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, բարօրությունը: Ըստ Փաուերի՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր դրանք կարևոր են: Ու չնայած բավականին մեծ աշխատանք է կատարվել նրանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, այնուամենայնիվ, «այս խմբի տառապանքները շարունակում են չափազանց մեծ մնալ, քանի որ շատ բան են թողել այնտեղ և շատ մեծ ցավ են կրել»:
«Շատ ընտանիքների ցանկությունն է պարզապես գնալ, այցելել եկեղեցին, վանքը, ազգականի, ընտանիքի անդամի գերեզմանը, բայց մինչ օրս այդ վերադարձը տեղի չի ունեցել որևէ մնայուն ձևով: Դա բան է, որը մենք շարունակելու ենք կոչ անել, այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել, բայց պայմանները պետք է պատշաճ լինեն, որպեսզի մարդկանց համար վերադարձն ապահով լինի, այսինքն՝ հիմնարար գործոնը կլինի այն, որ դրա համար նախ պետք է տեղում առկա հանգամանքները փոխվեն»,- ասաց նա: