Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, սակայն ռուսական կողմից հրթիռակոծությունը շարունակվում է: Այս անգամ հարվածներ է ստացել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, վնասվել են պահեստներ, բեռնատար մեքենաներ և քաղաքացիական նավ։
Հրթիռակոծվել են նաև Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջանները, կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել, 16-ը վիրավորվել են։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանից արձակված «Շահեդ» տեսակի 20 հարվածային անօդաչու թռչող սարքից 14-ը։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Ռուսաստանն արձակել է նաև մեկ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 4 Х-59/Х-69 կառավարվող հրթիռ: