Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի մասնակիցների մեծամասնությունը խստորեն դատապարտել է ռուսական հրթիռային հարձակումը Կիևի վրա, որի հետևանքով խոցվել է «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կազմակերպությունում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հիվանդանոցի հրթիռակոծումը համարել են պատերազմական հանցագործություն, որի համար Մոսկվան պետք է պատասխանատվության ենթարկվի: Նրանք անընդունելի են համարել նաև այն փաստը, որ հարձակումն իրականացրել է Ռուսաստանը՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամը, ԱԽ-ի ներկայիս նախագահը:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալն ուղղակի չի դատապարտել Մոսկվային։ «Ցավոք, մարտերը վերջին շրջանում չեն հանդարտվել, այլ ժամանակ առ ժամանակ սրվել են և դարձել ավելի դաժան՝ մեծ կորուստներով: Չինաստանը խորապես անհանգստացած է այդ կապակցությամբ»,- ասել է Գեն Շուանը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ «Ռուսաստանը չի հարձակվում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա»։ Նրա խոսքով՝ հարձակման թիրախը եղել է Կիևի Արտյոմի անվան գործարանը, իսկ «Օխմատդետ» հիվանդանոցը, իբր, խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով, որը հարձակումից հետո փոխել է հետագիծը։ Նեբենզյան պնդել է, որ վարկածի համար կարող է ներկայացնել ապացույցներ։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան էլ իր ելույթի ժամանակ հանդիպման մասնակիցներին ցույց է տվել լուսանկարներ, որոնցում պատկերված է դեպի հիվանդանոց թռչող հրթիռը և դրա հետագիծը։ Ենթադրվում է, որ հիվանդանոցին հարվածել են ռուսական X-101 հրթիռով: