Մի քանի ժամից Վաշինգտոնում եռակողմ հանդիպում է անցկացվելու Բլինքենի նախագահությամբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Պետքարտուղար Բլինքենը հետևյալ ուղերձն է հաղորդելու, ասելու է, որ կողմերն այսքան մոտ են, կողմերը շատ մեծ, անհավանական մեծ ճանապարհ են անցել, եթե մտածենք, թե ինչ կետի վրա էին անգամ 1 տարի առաջ, և թե այդ խաղաղության համաձայնագիրն ինչ հնարավորություններ կբացի երկու երկրների ժողովուրդների համար: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում Ադրբեջանի պահանջներին:
«Դրանք իսկապես բավականին լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածությունը, տրանսպորտի օգուտները, և, ի վերջո, առանձին ընտանիքների համար ավելի շահեկան կլինեն կենսապահովման հնարավորությունները, աշխատանքային հնարավորությունները, տնտեսական աճի ավելացումը:
Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ շատ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր ունենալ, սահմանները բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել, դա կլինի զգալի դրական տեղաշարժ, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ:
Բնականաբար, չլուծված խնդիրները խիստ բարդ են, շատերը՝ շատ զգայուն և՛ կառավարությունների, և՛ ժողովուրդների համար երկու երկրներում, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից մի բան է միանշանակ. լիահուս ենք՝ կողմերը հաշվի կառնեն, որ այդկերպ բացվելիք հնարավորություններն այնքան կարևոր են, որ չի կարելի դրանք բաց թողնել»,- ասաց նա: