Հուլիսի 10-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։
Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Կրթահամալիրի հրապարակում Ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին։
Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարի և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասերի անցկացման ու ավտովարման հմտությունների զարգացման գործընթացով։
ՆԳՆ ղեկավարությունը ուսումնական կենտրոնում հետևել է նաև ապագա քրեական ոստիկանների՝ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մարտավարության տեսական դասընթացին։
Վահե Ղազարյանը ծանոթացել է քրեական ոստիկանների որակավորման ուսումնական ծրագրին, հետաքրքրվել կրթահամալիրում սովորող քաղաքացիական անձանց տպավորությունների և մասնագիտական պատրաստվածության մասին։
Նա կարևորել է քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման գործընթացում նոր կադրերի համալրումը և ընդգծել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում մասնագիտական ունակությունների և պրոֆեսիոնալիզմի ներդրման անհրաժեշտությունը։
Վահե Ղազարյանը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին:
ՆԳ նախարարը ապագա քրեական ոստիկանների ուսուցման դասընթացին է հետևել նաև համակարգչային թեստավորման լսարանում, իսկ կրթահամալիրի տարածքում շրջայցի ընթացքում հետևել է ապագա պարեկների այլ դասակների գործնական պարապմունքներին։