Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա է եղել նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը լինելու է պետության ու երեխաների ձեռքբերումը։
«Մանկավարժի որակավորումը սովորական մասնագիտություն չէ. դա աշխատանք է, որը ենթադրում է սրտացավություն, հետևողականություն, հոգատարություն: Տարիների հետ այդ աշխատանքը դառնում է կյանքի գործ։ Երբեմն այդ գործը վախեցնող է, բայց պետք է հասկանալ՝ մանկավարժի աշխատանքի արդյունքով կարելի է ոգևորել կամ թևաթափ անել, խրախուսել կամ կոտրել։ Սա առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է, և վստահ եմ՝ բուհի տված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն, որ ցանկացած բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվեք, բարձր արժեքներով առաջնորդվեք։ Մնացածը գալու է մասնագիտական փորձառությամբ, շարունակական ինքնակրթությամբ, և այստեղ է, որ համալսարանի հետ կապն ավելի եք ամրապնդելու՝ որպես գործընկերներ»,- նշել նախարարը շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի խոսքում։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգը պատրաստ է ընդունելու երիտասարդ մասնագետներին. շրջանավարտներին սպասում են դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հաստատություններում:
«Վստահ եմ, որ ձեր ներգրավվածությամբ մեր երեխաների կրթությունը դարձնելու եք առավել որակյալ․ մի՛ վախեցեք երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել։ Դուք արդեն մասնագետներ եք, և մենք նաև ձեզնից սովորելու բան ունենք»,- ասել է նա:
Շրջանավարտներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նրանց մաղթելով լուսավոր, հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ․ «Մենք անհամբեր սպասում ենք նոր ու երիտասարդ մասնագետների»։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հույս է հայտնել, որ բակալավրիատի շրջանավարտները կշարունակեն կրթությունը մագիստրատուրայում, իսկ մագիստրոսները հաջողությամբ կիրացնեն կարողություններն ու հմտությունները մասնագիտական համայնքում՝ նախադպրոցական հաստատություններից մինչև դպրոցներ, սոցիալական կենտրոններից մինչև արվեստի ոլորտ։
«Ի դեմս ձեզ՝ ուսուցչական համայնքը համալրվում է առաջատար մասնագետներով, իսկ համալսարանի մեծ ու ջերմ ընտանիքը՝ որակյալ շրջանավարտներով։ Համալսարանը ձեզ հրաժեշտ չի տալիս, այլ ասում է բարի գալուստ, քանի որ կրթության շարունակականության և մասնագիտության իրագործման բոլոր աստիճաններում համագործակցությունը շարունակվելու է»,- նշել է ռեկտորը:
Մանկավարժականի նոր սերունդը ևս մեկ անգամ խոստացել է հավատարիմ մնալ մասնագիտական երդմանն ու զինվորագրվել այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը։
Այս ուսումնական տարում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ավարտել են 1568 շրջանավարտները՝ 1230-ը բակալավր, 338 մագիստրոս: