Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական կարգավորմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի՝ քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար:
Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել: Նա հիշեցրել է, որ նախագծով դատախազության դեպոզիտային հաշվին են փոխանցվելու համայնքին կամ պետությանը պատճառված քրեական վարույթներով վերականգնված գումարները, իսկ դատարաններում քրեական վարույթների դեպքում՝ դատարանների դեպոզիտային հաշվին: Նշվել է, որ նախագծում առաջին ընթերցումից հետո էական փոփոխություններ չեն եղել:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Առաջին ընթերցմամբ նախատեսված կարգավորումները՝ հղմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեխնիկական փոփոխություններ են կատարվել, բովանդակային փոփոխություն չի եղել: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ շահերի բախման խնդիր կա, և օբյեկտիվ քննության սահմանադրական ու օրինական պահանջը խաթարելու հավանականությունը մեծ է:
Ոչ օբյեկտիվ փորձաքննությունների մասով Արսեն Այվազյանը պարզաբանել է, որ ՆԳՆ կազմում տասնամյակներ շարունակ գործող փորձաքրեագիտական վարչության կողմից ՆԳՆ քննիչին տրված եզրակացությունը շահերի բախման հիմքով ոչ օբյեկտիվ դիտարկելու մեկ դեպք անգամ չի գտնվել: Նրա համոզմամբ փորձաքրեագիտական ՊՈԱԿ-ը պետք է դիտարկել ոչ միայն որպես եզրակացություն տվող մարմին, այլ նաև վարութային գործողությունների կատարման ընթացքում նախաքննական մարմնին օժանդակող մարմին:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: Պատգամավորը հիշեցրել է, որ նախագծով ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, տեղափոխվելով Քննչական կոմիտե, կպահպանեն իրենց աշխատավարձի չափը, ստաժը և սոցիալական երաշխիքները:
Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: