Հայաստանն ունի տեսլական, որը վերաբերում է թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանությանը, և մենք տեսնում ենք, որ կառավարության ղեկավարները նվիրումով են վերաբերվում այս հարցին, ուզում են կյանքի կոչել այս տեսլականը: Այդ մասին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդադառնալով ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում:
Փաուերը շնորհակալություն հայտնեց «Ամազոնի» վեբծառայություններին, որ օգնում են Հայաստանին կյանքի կոչել այս տեսլականը ֆորմալ գործընկերության, ինչպես նաև «Ամազոնի» սերվիսի և ՀՀ Կառավարության միջև 2022 թ. մեկնարկած պաշտոնական գործընկերության միջոցով: Նպատակն է օգնել Հայաստանին՝ դիմակայելու կիբեռհարձակումներին, բնական աղետներին, ինչպես նաև թվայնացնել հանրային ու պետական ծառայությունները: Իսկ դա, ըստ Փաուերի, պահանջում է անվտանգ և հուսալի թվային համակարգերի ստեղծում:
«Դա նաև ներառում է համապատասխան բջջային հավելվածի ստեղծում, որը կօգնի օգտվել հանրային ծառայություններից, և այս հարթակը կարող է օգնել հայերին այնպիսի գործողություններ կատարել, ինչպիսիք են վարորդական իրավունքի վկայական, ծննդյան վկայական, մահվան վկայական և տարբեր լիցենզիաներ ստանալը կամ հրատապ ֆինանսական աջակցության դիմելը, և այս ամենը հնարավոր կլինի այդ հավելվածի միջոցով»,- ասաց նա: Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները շոշափելի օրինակ են, թե ինչպես կարող են ավելի թափանցիկ և ավելի ժողովրդավար կառույցները նպաստել մարդկանց կյանքի որակի բարձրացմանը: Փաուերի խոսքով՝ այդ ամենն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ ապահով և վստահելի թվային համակարգեր, որոնք ունակ կլինեն դիմակայելու կիբեռհարձակումներին և կկառավարվեն հստակ կարգավորվող շրջանակներում՝ պաշտպանելով մարդու իրավունքները և մարդկանց անձնական կյանքի իրավունքը:
Այս համատեքստում Փաուերը հայտարարեց, որ 5 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրվելու՝ «Ամազոն» վեբծառայության և Կառավարության համագործակցությանն աջակցելու համար:
««Ամազոնի» վեբսերվիսի պրոֆեսիոնալիզմը կօգնի Հայաստանին արագ զարգանալ և թվայնացնել իրենց համակարգերի տվյալները: «Ամազոն» վեբծառայությունը կտրամադրի կարևոր վերապատրաստումներ ամպային հաշվարկների ոլորտում, կիբեռանվտանգության ոլորտում, կօգնի Հայաստանին կառուցել և պաշտպանել իր թվային ինքնիշխանությունը բոլոր նրանցից, ովքեր կցանկանան ՀՀ-ին վնաս հասցնել, նաև կտրամադրի հուսալի տեղեկատվություն ՀՀ քաղաքացիներին»,- ասաց նա:
Փաուերը նաև հույս հայտնեց, որ նախաձեռնությունը կարող է առաջացնել միջազգային ձեռնարկությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Դա, ըստ նրա, հնարավորություն կտա ստեղծելու նոր աշխատատեղեր և կօգնի ընտանիքներին ավելացնելու եկամուտները: Փաուերը տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ այդ ֆինանսավորման աղբյուրը լինելու է ԱՄՆ ՄԶԳ-ի «Տնտեսական զարգացում, կառավարում և ձեռնարկությունների աճ» հիմնադրամը (EDGE), որի նպատակն է ուժեղացնել մասնավոր հատվածի կարողությունները՝ հաղթահարելու զարգացման մարտահրավերները:
«Այս նախաձեռնությունը ցցուն օրինակ է, թե ինչպես կարող են միասնական նպատակին հասնելու համար համագործակցել պետական և մասնավոր հատվածները: Արվում է ճիշտ բանը, ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, և մենք կարող ենք օգնել Հայաստանին՝ կառուցելու արդյունավետ և երկարատև ժողովրդավարություն, որը ծառայում է իր ժողովրդի նպատակներին»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Սամանթա Փաուերը: