Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:
Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով». այն լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակել է գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (gmp International GmbH Architects and Engineers) ընկերությունը:
Գլխավոր հատակագծի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ բուհերի ղեկավարներ, ակադեմիական հանրույթի, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ծրագիրը կարևորելու և ներկա լինելու համար: Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականի վերջնական տարբերակի ներկայացումից հետո կնախանշվեն հաջորդ քայլերը: «Որպեսզի այսօր ներկայացվելիք տեսլականը դառնա իրականություն, միանգամից տարբեր ուղղություններով տարաբնույթ աշխատանքներ պետք է իրականացվեն: Դրանց զգալի մասն արդեն պլանավորված է և նախապատրաստական փուլում է»,- նշել է նախարարը:
Հանրային լսումներ են լինելու. հատակագիծը կներկայացվի նաև բուհերում
Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ: «Ուսումնական տարվա սկսվելուն պես նախատեսում ենք գլխավոր հատակագիծն առանձին ներկայացնել նաև բուհերում՝ դասախոսական և ուսանողական կազմերի հետ մանրամասն քննարկելով ծրագիրը: Պլանավորում ենք հնարավորինս լայնամասշտաբ հանրային քննարկումներ, որովհետև այս ծրագիրը հանրությունը վերափոխող ծրագիր է: Եթե խոսում ենք նման նշանակության ծրագրի մասին, ապա առաջնայինը հանրային մասնակցությունն է: Հույս ունեմ, որ ակադեմիական, գիտական շրջանակները կլինեն մեր կողքին, որովհետև մենք այդ աշխատանքը միասին անելու կարիք ունենք»,- ասել է նախարարը:
Հանրությանը վերափոխող ծրագիր
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ակադեմիական քաղաքի նախագիծը նաև հանրությանը վերափոխող ծրագիր է, քանի որ սկսած քաղաքաշինական միջավայրից՝ այն հանրային կյանքի նոր որակ և փորձառություն է բերելու: «Ակադեմիական քաղաքը միայն միջավայրի և ենթակառուցվածքի մասին չէ. բովանդակային աշխատանքը նույնպես պլանավորվող և զուգահեռ ընթացող գործընթաց է՝ միջազգային տարբեր գործընկեր բուհերի ներգրավվածությամբ բարձրագույն կրթության և հետազոտության, դրանք ավելի մրցունակ ու բարձրորակ դարձնելու աշխատանքների շուրջ: Այս բոլոր աշխատանքները սկսելով և շարունակելով՝ ամենակարևորն առաջ գնալու հետևողականությունն է: Պարզ է՝ սա մեկ կամ երկու տարվա ծրագիր չէ, և որպեսզի տեսնենք ցանկալի արդյունքը, համատեղ և սրտացավ աշխատանք պետք է կատարենք: Փոփոխություններին այլընտրանք չունենք, քանի որ բարձրագույն կրթության և գիտության միջավայրի համար զարգացման տանող նոր մոդելը օրախնդիր է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն ունի այդ աշխատանքն անելու պատրաստակամությունն ու հետևողականությունը, որն առկա է նաև մասնագիտական, ակադեմիական և գիտական դաշտում:
Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:
Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով հատակագիծը, նշել է, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ:
Ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր առավելությունները՝ նա նշել է՝ ամենակարևորն ակադեմիական միջավայրն է, որը նաև նոր ենթակառուցվածքներ և կրթական հնարավորություններ է ընձեռում: «Ակադեմիական քաղաքը, բացի կրթական միջավայրից, 24/7 ռեժիմով հասանելի կենտրոն է լինելու ոչ միայն գիտնականների և ակադեմիական գործունեություն ծավալող անձանց, այլև, առհասարակ, հասարակության տարբեր շերտերի համար: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու են նաև մշակութային, սպորտային հաստատություններ, առևտրի կենտրոն և հանրային նշանակության այլ կառույցներ»,- ասել է Թոբիաս Քեյլը: Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում ակադեմիական քաղաքում կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտը, համերգասրահը, հանրային գրադարանը և այլն: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքում առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին:
Առաջին փուլով նախնական հաշվարկով ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:
Կկառուցվի Ազգային ստադիոն
Ակադեմիական քաղաքը կապահովի կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցություն՝ ներառելով վիրտուալ, սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքներ։ Այն կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար: Քաղաքում պլանավորվում է կառուցել Ազգային ստադիոն, որը կլինի բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ՝ մինչև 35 հազար հանդիսատեսի համար:
Լինելու են հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։
Ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր։ Դասախոսական աշխատանքի կառուցվածքը էապես կփոխվի՝ ներառելով օրվա ընթացքում ավելի քիչ դասավանդում և ավելի շատ ուսումնասիրություններով և հետազոտություններով զբաղվելու հնարավորություն։ Կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։
Ակադեմիական քաղաքը նպաստելու է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովմանը, մասնավորապես նախատեսվում է միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ առնվազն չորս բուհ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը և այլն:
Համագործակցություն՝ միջազգային հեղինակավոր կառույցների հետ
Ակադեմիական քաղաքի կառավարման, կազմակերպությունների միավորման, կլաստերների հայեցակարգերի մշակման աշխատանքներում ներգրավված են միջազգային հեղինակավոր կառույցներ։ Արվեստների կլաստերի շուրջ համագործակցություն է ծավալվել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը 6 արվեստի բուհերի միավորման արդյունքում ձևավորված բուհ է: Տեխնոլոգիական կլաստերի մշակման և ակադեմիական քաղաքի կառավարման ուղղությամբ համագործակցություն է սկսվել Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ՝ որպես բազմաճյուղ, ստարտափերի ընդգրկուն համակարգ ունեցող կառույց, առաջիկայում պլանավորվում է կրթական կլաստերի շուրջ համագործակցություն մեկնարկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթական ինստիտուտի հետ։ Ծրագրին իրենց խորհրդատվությամբ և առաջարկներով մեծապես աջակցում է սփյուռքահայ գիտնականների ցանցը (ASOF): «Ակադեմիական քաղաք» ծրագրով հատկապես հետաքրքրված են մասնավոր ոլորտի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունները, որոնք այնտեղ ունենալու են իրենց գրասենյակները՝ ապահովելով գիտելիքի առևտրայնացման շղթան։