Հուլիսի 9-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի գործող նախագահության, ավագ պաշտոնյաների կոմիտեի, ՍԾՏՀ հարակից մարմինների և Միջազգային մշտական քարտուղարության համակարգման առցանց հանդիպումը, որի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և միջոցառումների օրացույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության, անդամ երկրների և հարակից մարմինների հետ՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով: