Ամռանը հաճախ է դիտվում արևային ալերգիան, որն արտահայտվում է արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկի վրա առաջացող կարմիր բծերով:
Ախտանշաններն են.
• մաշկի կարմրություն.
• քոր կամ ցավ.
• փոքր բշտիկներ, որոնք կարող են մեծանալ և միաձուլվել.
• մաշկի թեփոտում, կեղևակալում:
Մաշկաբան Սևակ Մկրտչյանը նշել է, թե ինչպես կանխարգելել և ինչպես պաշտպանվել արևային ալերգիայից:
Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան
• Օգտագործե՛ք բարձր SPF ունեցող արևապաշտպան միջոցներ. այն կօգնի նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:
• Հագե՛ք պաշտպանիչ հագուստ. լայնեզր գլխարկները և երկարաթև հագուստը կօգնեն պաշտպանել մաշկը:
• Խուսափե՛ք արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-ից 16:00) դրսում լինելուց:
Ինչպե՞ս պաշտպանվել արևային ալերգիայից
1. Մի՛ մնացեք արևի ուղիղ ճառագայթների տակ, գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ:
2. Սառեցրե՛ք մաշկը. օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ:
3. Օգտագործե՛ք հակահիստամիններ. դրանք կարող են նվազեցնել քորը և բորբոքումը:
4. Խոնավացրե՛ք մաշկը. կիրառե՛ք խոնավացնող քսուքներ՝ խուսափելով ալկոհոլ պարունակող միջոցներից:
5. Եթե ալերգիայի ախտանշանները չեն անցնում կամ խորանում են, դիմե՛ք բժշկի: