Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերի՝ հուլիսի 8-ի զանգվածային հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 38-ի, այդ թվում՝ 4 երեխա, 190 մարդ վիրավորվել է։ Ամենաշատը տուժել է մայրաքաղաք Կիևը:
«Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 100 օբյեկտ՝ մանկական հիվանդանոց, բնակելի տներ, մանկապարտեզներ, ծննդատուն, քոլեջ, բիզնես կենտրոն»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։
ԱՄՆ նախագահն արձագանքել է տեղի ունեցածին: «Այդ հարվածները սարսափելի են և հիշեցնում են Ռուսաստանի դաժանության մասին»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ջո Բայդենը հիշեցրել է, որ այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է Զելենսկու հետ։ Հայտարարվելու է հակաօդային պաշտպանության ամրապնդման ոլորտում Ուկրաինային աջակցության նոր փաթեթի մասին։
Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանը չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին: Մեկնաբանելով Կիևի հիվանդանոցներից մեկին երեկ հասցված հարվածին՝ Դմիտրի Պեսկովը նշել է, թե դա ուկրաինական հակահրթիռային համակարգի հրթիռի անկման հետևանք է: