ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները: Նա ընդգծել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նշելով, որ Հայաստանի համար կարևոր է ԵՄ գործընկերությունը: Պատվիրակության անդամ Դերկ Բոսվյակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է Նիդերլանդների համար:
ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին` անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացին, առկա մարտահրավերներին: