Հնդկաստանը երկու նոր հյուպատոսություն կբացի Ռուսաստանում՝ Կազանում և Եկատերինբուրգում՝ հայտարարել է Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանում հնդկական համայնքի հետ հանդիպման ընթացքում: Նարենդրա Մոդին նաև նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կառուցված են վստահության և հարգանքի վրա։ Ռուսական լրատվամիջոցներն էլ, հղում կատարելով «Ռոսատոմին», հայտնում են, որ երկու երկրները քննարկում են Հնդկաստանում ռուսական տեխնոլոգիաներով ևս վեց հզոր բլոկի կառուցման հարցը:
Մոդիի այցի ոչ պաշտոնական հատվածից հետո մեկնարկել են Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ առկա հրատապ խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրության, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերի համար։ Մոդին Պուտինին ընկեր է անվանել, պատրաստակամություն հայտնել ցանկացած աջակցություն տրամադրել՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար: «Պատերազմը լուծում չէ, երկխոսություն է անհրաժեշտ»,- շեշտել է Մոդին:
Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Մոդիի հանդիպումը Պուտինի հետ՝ հատկապես ռուսական զանգվածային հարվածների ֆոնին: «Դա լուրջ հարված է խաղաղության հասնելու ջանքերին»,- համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը: