ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 8-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 230 խումբ, որից 210-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից և, կարևորելով նման միջոցառումներում համագործակցությունը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ձևավորվել է 20 խումբ:
Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 520 փրկարարական ծառայող:
Միջոցառումների շրջանակում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումները 1610 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 2082 պաստառներ:
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 47 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
Հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով նշված համալիր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։