ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին:
Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում պատանիների ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրերը և ընթացակարգերը՝ հատկապես ընդգծելով դրանցում կրթության և մշակույթի փոխկապակցման առաջնահերթությունը:
Դանիել Դանիելյանն առաձնակի ուշադրություն է հրավիրել «Մեկնարկ» տաղանդի զարգացման և «Քույր դպրոցներ» ծրագրերի վրա:
«ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրը ներհամայնքային երաժշտական կյանքն աշխուժացնելու, երաժիշտ պատանիների միջև երկխոսության կայացման միտումն ունի: Ծրագրի շնորհիվ ապահովվում են երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը: Կարծում եմ՝ հրաշալի կլինի ծրագրի շրջանակն ընդլայնել երկրի սահմաններից դուրս՝ համագործակցային կապեր հաստատելով արտերկրի երաժշտական դպրոցների հետ»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա նաև ներկայացրել է «Մեկնարկ» ծրագրի մասնակից հայ պատանիների ձեռքբերումները միջազգային հեղինակավոր տարբեր մրցույթներում:
Հյուրերն ներկայացրել են իրենց գործունեության շրջանակում արվեստի ոլորտում իրականացվող ծրագրերը. նախանշվել են համագործակցության հնարավորությունները: Ըստ Անուշ Թորանյանի՝ հայաստանաբնակ պատանիների կարողությունների զարգացման ուղղությամբ կարող են համատեղ ծրագրեր իրականցնել երաժշտության և նորաձևության ոլորտներում:
Քննարկվել են նաև Փարիզում անցկացվող «Հայաստանի ավան» փառատոնի կազմակերպման, Հայաստանից մասնակիցների ներգրավմամբ հայկական մշակույթի տարբեր ոլորտների ընդգրկման, փառատոնի աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ տարաբնույթ հարցեր: