Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար Ջոն Հիլին խոստացել է հարյուր օրվա ընթացքում Ուկրաինային տրամադրել Միացյալ Թագավորության նախորդ կառավարության խոստացած ռազմական օգնության փաթեթը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հուլիսի 7-ին Օդեսա կատարած այցի ժամանակ, որտեղ էլ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ հայտնում է DW-ն։
Ռազմական օգնության նոր փաթեթը կներառի 250 հազար հատ 50 մմ զինամթերք, 90 «Brimstone» հրթիռ, 50 փոքր ռազմական մոտորանավակ, ականազերծման 40 մեքենա, 10 ԱՍ-90 ինքնագնաց հրետանային սարքավորում և ավելի վաղ մատակարարված հաուբիցների պահեստամասեր, ինչպես նաև 61 բուլդոզեր պաշտպանական դիրքերի կառուցման համար։
Հիշեցնենք, որ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը, որը հուլիսի 5-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իր կաբինետի կազմը։ Միացյալ Թագավորության նոր կառավարությունում պաշտոնների մեծ մասը զբաղեցրել են նրա կուսակիցները, որոնք նախկինում եղել են պաշտոնական ընդդիմության ստվերային կաբինետի անդամներ։