Հունիսի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին:
Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նա իր մեքենայից ներկայացրել է մարիխուանա ծխելու համար հարմարեցված մի սարք` կրակայրիչ, որին միացված էր ծխամորճ:
Հունիսի 28-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 61-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»: Ստուգման ընթացքում ծագած կասկածի հիման վրա վարորդն ու նրա համագյուղացի 32-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերված մոխրացած հետքերով կաթուցիչի վերաբերյալ ուղևորը հայտնել է, որ իրենն է:
Հունիսի 29-ի կեսօրին Վարդենիս քաղաքում ծառայելիս պարեկները կանգնեցրել են Ակունք գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Միցուբիշին»: Վարորդը ձեռքի պայուսակից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ հայտնել է, որ կաթուցիչն իրենն է:
Հուլիսի 1-ին, ժամը 10-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 54-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 21-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: 18-ամյա երևանցի ուղևորը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով լցված կաթուցիչ: Նա հայտնել է, թե այն գտել է ճանապարհին:
Նույն օրը՝ ժամը 13.40-ին, Սևանի թերակղզում ծառայելիս պարեկները կանգնեցրել են մի «Տոյոտա»: Ստուգման ժամանակ վարորդը գրպանից նետել է կաթուցիչ ու թղթե փաթեթ և դիմել փախուստի, ինչը, սակայն, կարճ է տևել: 57-ամյա մի տղամարդ փորձել է խոչընդոտել ոստիկանների գործողություններին: Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդն էլ ձերբակալման պահին փորձել է վերցնել պարեկի ատրճանակը, սակայն դա էլ չի հաջողվել: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ թղթե փաթեթում մարիխուանա է: Վարորդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Գեղարքունիքի պարեկները Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի Ավան թաղամասի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում նույն թաղամասի բնակիչ 26-ամյա ուղևորը պայուսակից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Ուղևորի ոտքին ամրացված էր պրոբացիայի տեղաշարժման շղթա: Հետագա պարզաբանումների համար մեքենան և երիտասարդները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Այստեղ, կաթուցիչից բացի, ուղևորը ներկայացրել է նաև գաղտնի փականով դանակ: Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով բոլոր հանգամանքները պարզվում են: