Իսրայելը հրամայել է տարհանել Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող մի քանի շրջան, որտեղ հազարավոր պաղեստինցիներ արդեն փախել էին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո պատերազմի առաջին օրերին՝ Իսրայելի ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով:
Երկուշաբթի ՑԱՀԱԼ-ն ընդլայնել է իր գործողությունները Գազայում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողության թիրախ է դարձել UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալություն՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար) շտաբի շենքը, որտեղ իսրայելական հետախուզության պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի զինյալները զենք են պահել և ստեղծել նախնական կալանքի և հարցաքննության սենյակներ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Շուջայի շրջանում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների համալիր և շտաբներ, որոնք տեղակայված են դպրոցներում և կլինիկայում: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է զենքի արտադրության օբյեկտ, առգրավվել է տասնյակ միավոր զենք։