Կարողությունների հզորացման գործընթացը նպաստում է խորհրդարանի առաջընթացին. ողջունելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների համար մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի շրջանակում կազմակերպված «Տվյալների վիզուալացում Power BI ծրագրակազմով» դասընթացի մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներդրումը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով մասնագիտական շարունակական աջակցության կարևորությունը: Շնորհակալություն հայտնելով հերթական դասընթացի իրականացման համար՝ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ծրագրի վերաբերյալ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ: Նա հաջողություններ և արդյունավետ աշխատանքային գործընթաց է մաղթել ծրագիրն իրականացնողներին և դասընթացի մասնակիցներին:
«Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի ղեկավար Ջորջ Ասաթիանիի ներկայացմամբ ծրագիրը եռամյա նախաձեռնություն է. համագործակցում են ՀՀ կառավարության և Ազգային ժողովի հետ: Նպատակն է բարելավել մի շարք կառույցներում բյուջետային գործընթացը: Դասընթացը հնարավորություն կտա բյուջեի վերաբերյալ տվյալները վերլուծել և ներկայացնել շահագրգիռ կողմերին հնարավորինս մատչելի ու արդյունավետ կերպով: