Տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ Երևանի քաղաքապետարանի համար: Ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրություններ են կատարվում, և կկայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար, նրանց համար, ովքեր մինչև 2021 թ հունվարի 1-ն են գրանցվել։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ օրինականացվողների ծավալն էականորեն մեծ է լինելու այս շրջանում։ Եվ ես հատուկ ուզում եմ շեշտել, որ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել:
Եթե որոշ ընկերություններ կամ մարդիկ կմոտենան ձեզ այս կամ այն հարցով՝ օրինականացման հետ կապված, և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, ուզում եմ տեղեկացնել, որ դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են որոշակի գումար վաստակել:
Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այդ միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ կամ ընկերությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա, հետևապես միակ բանը, որ խնդրում եմ և կոչ եմ անում, ուղղակի ձեր դիմումները թարմացրեք, եթե ունենք այդպիսի դիմումներ, և վստահ եղեք, որ Երևանի քաղաքաետարանը ամբողջապես և ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կկայացնի»,- ասաց Ավինյանը։